Ինչու՞ են թեփոտվում հոնքերը և մորուքը:
Հաճախ, որոշ մարդկանց մոտ նկատվում է մաշկի թեփոտում: Այն ավելի վառ արտահայտված է լինում մաշկի ճարպագեղձերով հարուստ հատվածներում՝ դեմք, գլխամաշկ, կրծքավանդակ, հոնքեր, մորուք:
Թեփը համարվում է սեբորեային մաշկաբորբի թեթև տեսակը: Առաջացման պատճառներ կարող են հանդիսանալ՝ ժառանգական նախատրամադրվածությունը, Malassezia խմբի սնկերը, ճարպոտ, կծու, թթու, քաղցր սնունդը, սթրեսը և այլն:
Թեփի ախտանշաններ կարող են լինել՝
•քորը
•մաշկի կարմրությունը
•մաշկի ցանավորումը
Հոնքերի, մորուքի, գլխամաշկի թեփոտում կարող են առաջացնել նաև խնամքի միջոցները՝ օճառներ, գելեր, շամպուններ, լոսյոններ:
Թեփի առաջացման պատճառ կարող են լինել որոշ մաշկային հիվանդություններ՝ փսորիազ, էկզեմա և այլն:
Ինչպե՞ս պայքարել մաշկի թեփոտման դեմ:
Ամեն ինչ կախված է խնդրի արտահայտվածությունից:
Կիրառվում են թեփի դեմ շամպուններ, լոսյոններ, քսուքներ, թեյի ծառի յուղ, գերչակի յուղ, խոնավացնողներ, սակայն միշտ չէ, որ դրանք կարող են ցուցաբերել բարձր էֆեկտիվություն: Եթե թեփոտումն առաջել է խնամքի միջոցներից (կոնտակտային մաշկաբորբ), պետք է փոխել դրանք:
Եթե նշվածներից ոչ մեկը չի օգնում ազատվել թեփից, պետք է դիմել մաշկաբանի և ստանալ բուժում: