Ինչպե՞ս պատրաստվել մաշկաբանի այցին:

Մաշկաբանն օգնում է ճիշտ ախտորոշել և բուժել տարբեր մաշկային խնդիրներ՝ թեթևից սկսած մինչև ծանր, քրոնիկ հիվանդություններ: Սակայն կարևոր է նաև ճիշտ պատրաստվել մաշկաբանի այցին:

Հետևեք այս խորհուրդներին՝

Մանրամասն նկարագրեք խնդիրը, մի թաքցրեք ոչինչ: Ցանկալի է տրամադրել նաև ընտանեկան անամնեզ, նշել, թե նախկինում ինչ դեղորայք եք ստացել, եթե եղել է նման բան: 

Ցանկալի է նաև ցուցադրել լուսանկարներ, եթե ունեք: Հնարավոր է, որ Ձեր հիվանդությունը տվյալ պահին լինի հետնահանջի փուլում: Նկարները կօգնեն ավելի ճիշտ կողմնորոշվել, հատկապես, եթե հիվանդությունը այդ ժամանակ սրացման փուլում է եղել:

Կրեք հարմարավետ, ազատ հագուստ: Երբեմն կարող է կարիք լինել մանրակրկիտ զննում իրականացնել: 

Ցանկալի է այցի օրը գալ առանց շպարի և եղունգների լաքի: Հակառակ դեպքում կարող է անհնար լինել ախտորոշել Ձեր խնդիրը:

Երբեք մի գրանցվեք որևէ միջամտության համար այն օրերին, երբ ունեք ինչ-որ միջոցառում կամ պետք է մեկնեք երկրից դուրս: 

Պետք է ունենալ իրական ակնկալիքներ՝ կապված բուժման հետ: Քրոնիկ, տարիներով ունեցած հիվանդությունը չի կարող բուժվել մի քանի օրում: Մաշկաբանը հրաշագործ չէ և ցավոք չի կարող իր ուժերից և գիտելիքներից վեր ոչինչ անել այդ դեպքում: Պետք է երկարատև բուժում, խնամք, սահմանափակումներ և հետևողականություն: