Մատնաշունչ

Մատնաշունչը կամ պանարիցիումը դա ձեռքերի և ոտքերի մատների հյուսվածքների սուր, թարախային բորբոքումն է, որը հարուցվում է հիմնականում ստաֆիլոկոկային և ստրեպտոկոկային բակտերիաներով:
Ինֆեկցիայի ներթափանցումը տեղի է ունենում վնասվածքների, վերքերի, քերծվածքների, մանր օտար մարմինների (օրինակ՝ մաշկի մեջ խրված փուշ) միջոցով: 
Մատնաշունչը հաճախ հանդիպում է երեխաների մոտ, քանի որ իրենց մաշկը չափազանց զգայուն է և խոցելի արտաքին միջավայրի հանդեպ: 
Ինֆեկցիան ժամանակին չբուժելու դեպքում կարող է տարածվել հարակից հյուսվածքներ, ջլեր, իսկ ծանր դեպքերում կարող են ախտահարվել բոլոր մատները և զարգանալ պանդակտիլիտ: 
Դա լուրջ, ծանր ընթացքով ախտահարում է, որի ժամանակ ընդգրկվում են մաշկը, ենթամաշկային բջջանքը, ջլերը, ոսկորները: Որոշ դեպքերում տվյալ հիվանդությունը ավարտվում է վերջույթի անդամահատումով: 
Մատնաշունչը պետք է տարբերակել կանդիդոզային պարոնիխիայից, որոնք առաջացնում են Candida խմբի սնկերը:

Մատնաշնչի կանխարգելման համար հետևեք այս խորհուրդներին՝
•Խուսափեք մատների և եղունգնեի վնասվածքներից
•Մի կրծեք եղունգները
•Մի կտրեք կուտիկուլաները
•Օգտագործեք միայն մաքուր մկրատներ և եղունգի գործիքներ
•Եթե մաշկը վնասվել է, ախտահանեք այն բետադինով, յոդով կամ որևէ այլ ախտահանիչ լուծույթով
•Աշխատելուց կրեք ձեռնոցներ

Ինչ անել, եթե զարգացել է մատնաշունչ:
Չի կարելի տան պայմաններում բուժել մատնաշունչը: Եթե զարգացել է նման խնդիր, պետք է հնարավորինս շուտ դիմել մաշկաբանի:
Թեթև դեպքերում կիրառվում են տաք թրջոցներ, թեղային կամ համակարգային հակաբիոտիկներ: Ծանր դեպքերում կարող է վիրահատական միջամտության կարիք լինել: