8 առասպել մաշկաբանության մասին:
1.Մաշկաբանները զբաղվում են միայն մաշկային խնդիրների ախտորոշմամբ և բուժմամբ:
Իրականություն. մաշկաբանների մասնագիտական ոլորտը ներառում է մաշկի, մազերի, եղունգների խնդիրների ախտորոշում և բուժում, մաշկի նորագոյացությունների հեռացում, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում, ներարկումային միջամտություններ, Co2 լազերային հղկում, անոթային աստղիկների վերացում և այլն:
2.Մաշկաբանների կողմից նշանակած բոլոր բուժումները և խորհուրդները հնարավոր է գտնել համացանցում:
Որպես մաշկաբան ցավում եմ հիասթափեցնել, բայց ոչ: Իհարկե, որոշ մարդկանց համար շատ ավելի հեշտ և հարմար է մտնել google և փնտրել կոնկրետ խնդրի բուժումը՝ դուրս չգալով տանից: Սակայն, պետք է հիշել, որ ինքնաբուժումը կարող է լուրջ հետևանքների բերել: Բացի դրանից, յուրաքանչյուր մաշկաբան ունի իր բուժման սխեման, որը երբեմն կարող է բացարձակ չհամընկնել համացանցում տեղադրված ինֆորմացիայի հետ: Մասնագետ դառնալու համար մենք սովորել ենք 9 տարի:
3.Հնարավոր է վերադարձնել մաշկի նախկին երիտասարդ տեսքը:
Ցավոք դա այդպես չէ: Իհարկե, ժամանակակից միջամտությունների, ներարկումների շնորհիվ կարելի է բավականին երիտասարդացնել մաշկը, սակայն անել էնպես, որ 60 տարեկան կինն ունենա 25 տարեկան աղջկա մաշկ, գրեթե անհնար է: Անհնար է ազդել գենետիկորեն ծրագրավորված պրոցեսների վրա:
4.Ակնեն և պրոբլեմատիկ մաշկը հանդիպում է միայն պատանեկան տարիքում:
Բացարձակ ոչ: Բավականին հաճախ կարելի է հանդիպել 30 անց մարդկանց, ովքեր ունեն նման խնդիր:
5.Թանկարժեք խնամքի միջոցները և պրեպարատները միշտ ավելի էֆեկտիվ են:
Դա այդպես չէ: Իհարկե թանկարժեք խնամքի միջոցները հիմնականում օժտված են բարձր արդյունավետությամբ, հիպոալերգիկ են մաշկի համար, սակայն միշտ չէ, որ դրանք կարող են գերազանցել մատչելի և ավելի հասարակ միջոցներին: Վառ օրինակ՝ ռետինոլը, որն օգտագործվում է մի շարք մաշկային խնդիրների բուժման համար:
6.Մաշկը անընդհատ պետք է խոնավացնել:
Ոչ! Որոշ ընկերություններ օգտագործում են այս կարգախոսը, այսպիսով փորձելով ունենալ ավելի շատ վաճառքներ:
Մաշկը պետք է խոնավացնել ըստ պահանջի և խնդրի: Ցուրտ եղանակին, մաշկի չորության դեպքում պետք է կիրառել խոնավացնող, սակայն օրինակ շոգ, խոնավ ամռան եղանակը դրա համար ցուցում չէ:
7.Մազերը չի կարելի շատ հաճախ լվանալ:
Հերթական առասպել, որին հավատում և հետևում են որոշ մարդիկ:
Մազերը պետք է լվանալ այնքան հաճախ, ինչքան որ դրա կարիքը կա, ինչքան հաճախ որ դրանք ճարպոտում են: Մեկի մոտ դա կարող է լինել ամեն օր, մյուսի համար շաբաթական 1-2 անգամ:
8.Արևապաշտպանը կիրառում են միայն ամռանը:
Աշնան և ձմռան եղանակին արևն այդքան ինտենսիվ չէ, ինչպես ամռանը: Բայց ուլտրամանուշակագույն ճառագայթները կան և վնասում են մեր մաշկը նաև այդ ժամանակ: Դրանք նույնիսկ թափանցում են ամպերի միջով: